Հայաստանի ազգային անվտանգության մարմինները շարունակում են հետեւողականորեն պայքար մղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, Հայաստանի տարածքը թմրամիջոցների տարանցիկ փոխադրման ուղի օգտագործելու անդրազգային հանցավոր խմբավորումների փորձերի դեմ:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, թե 2015թ. նոյեմբերի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կրկնակի զննության են ենթարկել նույն օրը Սան Պաուլո-Դուբայ-Երեւան տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած եւ մաքսային սահմանի կանաչ ուղին հատած Լեհաստանի քաղաքացի, 1980թ. ծնվ. Ռաֆալ Զելբերտին, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով ՀՀ տեղափոխել առանձնապես խոշոր չափի թմրանյութ: Վերջինիս ճամպրուկում հայտնաբերվել եւ առգրավվել է սպիտակ գույնի փոշենման զանգվածով 13 պոլիէթիլենային փաթեթ:

Փորձաքննությամբ պարզվել է, որ առգրավված փոշենման զանգվածը հանդիսանում է «կոկաին» տեսակի թմրամիջոց՝ 13 կիլոգրամ մաքուր քաշով, որի շուկայական արժեքը գերազանցում է 4 մլն. ԱՄՆ դոլարը:

Դեպքի առթիվ ԱԱԾ Քննչական Վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասի /մաքսանենգություն/ եւ 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի /թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրացման նպատակով/ հատկանիշներով:

Ռաֆալ Զելբերտը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն: