Թուրքիան, ինչպես ոչ ոք, գիտակցում է Լեռնային Ղարաբաղի անկախության անշրջելիությունը, մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Ստամբուլի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանը:
Փորձագետը զուգահեռներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Հյուսիսային Կիպրոսի միջեւ՝ հայտարարելով, որ Թուրքիան միակ երկիրն էր, որ ճանաչեց Հյուսիսային Կիպրոսը: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, անշրջելի բաներ գործնականում չեն լինում: «Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Թուրքիան փոխզիջման գնաց այդ հարցում»,- նկատել է Օզքանը՝ հավելելով, որ Եվրոպայի հետ հարաբերություններում կիպրական հարցը երբեւէ չի խանգարել Թուրքիային: Նրա խոսքով, կիպրական հարցը չի լուծվում բացառապես Կիպրոսի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:
Վերադառնալով ղարաբաղյան խնդրին՝ փորձագետը կանխատեսել է, որ հարցը դեռ երկար լուծում չի գտնի: Նա նշել է նաեւ, որ առկա ստատուս-քվոն հակասում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին: «Թուրքիան սիմվոլիկ կերպով պահանջում է դուրս բերել հայկական զինված ուժերը թեկուզ մի քանի շրջաններից: Բնականաբար, մենք չենք կարծում, թե հայկական զինված ուժերը կլքեն Լեռնային Ղարաբաղը»,- հավաստիացրել է քաղաքագետը:
Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին՝ փորձագետը քիչ հավանական է համարել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, քանի որ դա հակասում է առաջին հերթին Բաքվի շահերին:




























