Հայաստանն ամենամոտիկ եւ ամենահեռավոր երկիրն է Թուրքիայի համար: Մոտ է աշխարհագրական եւ հեռու է՝ հոգեբանական առումով: Այս մասին հայտարարեց թուրք քաղաքագետ, Ստամբուլի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանը՝ Երեւանում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի սկզբում: Նա ընդգծեց, որ Թուրքիայի ներքին քաղաքականությունը վերջին տարիներին, «Արդարություն ու զարգացում» կուսակցության իշխանության գալուց եւ «զրո խնդիր հարեւանների հետ» բանաձեւը կյանքի կոչելուց հետո, կտրուկ փոխվել է: «Իրականում մենք այսօր զրո խնդիր ունենք մեր հարեւաններից մեծ մասի հետ: Իրանի, Սիրիայի, Հունաստանի հետ մեր հարաբերությունները հրաշալի են: Այդ ցանկում բացառություն է միայն Հայաստանը»,-ընդգծեց փորձագետը, նշելով, որ Անկարան իսկապես ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնել: Բացի այդ, նա նշեց, որ Անկարա-Երեւան հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է նախեւառաջ հայ-ադրբեջանական հարաբերություններով, եւ մասնավորապես ԼՂ-ի ենթակայության տակ գտնող տարածքներից հայկական զորքերի դուրս բերումով:
«Անկարան չի կարող Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը չպայմանավորել հայ-ադրբեջանական հարաբերություններով, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի ռամավարական դաշնակիցն է Հարավային Կովկասում: Քանի դեռ հայկական զինուժը դուրս չի եկել ԼՂ-ի ենթակայության տակ գտնվող տարածքներից, Թուրքիայի իշխանությունները չեն կարող բացատրել ադրբեջանամետ թուրքական համայնքին Հայաստանի հետ հարաբերությունների նպատակահարմարությունը»,-բացատրեց քաղաքագետը: Նա նաեւ ընդգծեց, որ կշեռքի նժարին դրված են իրենց կշռով բոլորովին տարբեր կշռաքարեր. մի կողմից նավթով հարուստ, թուրքալեզու 10 միլիոնանոց Ադրբեջանն է, մյուս կողմից՝ շրջափակված, 2,5 միլիոնանոց Հայաստանը, «որը չունի տնտեսական զարգացման ոչ մի հեռանկար»: «Հայաստանը ամենեւին էլ Թուրքիայի համար առաջնահերթություն ներկայացնող երկիր չէ»,-եզրակացրեց Օզքանը:




























