Փարիզում ոստիկանության հատուկ ստորաբաժանումները սկսել են «Բատակլան» համերգասրահի գրոհը։ Շենքում ահաբեկիչները 100-ից ավելի մարդու էին պատանդառել, մոտ 30-ին հաջողվել էր փախչել։

Այս պահին համերգասրահի մոտից պայթյունների եւ կրակոցների ձայներ են լսվում։ Ըստ ականտեսների, հինգ պայթյունի ձայն է լսվել։ Իրավապահների մի խումբը համերգասրահից վիրավորների է դուրս բերում։

Ոստիկանության փոխանցմամբ, Stade de France մարզադաշտի մոտ պայթուցիկ երեք սարքերից երկուսը գործի էին գցել մահապարտ-ահաբեկիչները։

Նշենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ահաբեկչությունների շարք է գրանցվել։ Փարիզի «Բատակլան» համերգասրահում պատանդների թիվն անցնում է 100-ից։ Վերջին տվյալներով, զոհերի թիվն առնվազն 60 է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ France Info ռադիոկայանի փոխանցմամբ, վիրավորներից 60-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ահաբեկչություններ են եղել Ֆրանսիայի մայրաքաղաքի վեց տարբեր վայրերում, բոլորն էլ Փարիզի աջ ափին։ Փարիզի ոստիկանության տվյալներով, ահաբեկչություններ են եղել «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ։ Երեք նռնակ են պայթեցրել Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը։ Խաղը դիտող Օլանդին անհապաղ տարհանել էին, իսկ ոստիկանությունը փակել է մարզադաշտի դռները եւ մարդկանց արգելել դուրս գալ՝ վախենալով ահաբեկչությունների կրկնությունից։

«Բատակլան» համերգասրահում պատանդ վերցրած ահաբեկիչները, ըստ ականատեսների, հայտարարել են, թե վրեժ են լուծում Սիրիայի համար։

Ֆրանսիայի նախագահն արտակարգ դրության ռեժիմ է մտցրել երկրում։