Փարիզի «Բատակլան» թատրոնում պատանդ վերցված մարդիկ մտածել են, թե հրաձգությունը շոուի մի  մասն է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Նինա անունով աղջիկը, որը ողջ է մնացել։

«Ես «Բատակլան» էի եկել իմ ընկերների հետ, մենք դահլիճում էինք, երբ պայթյուններ լսվեցին։ Սկզբում կարծեցինք, թե դա ցուցադրության մասն է, հրավառություն կամ նման մի բան։ Հետո մենք շրջվեցինք եւ տեսանք, որ դրանք զինված մարդիկ են՝ ահաբեկիչներ։ Տեսանք պարտեր ընկնող անշունչ դիակներ։ Մենք միանգամից պառկեցինք գետնին, ահաբեկիչներն ասացին, որ անշարժ մնանք, թե չէ կսպանեն մեզ»,- պատմում է աղջիկը։

Պատանդ ընկած Նինայի խոսքով՝ նրանք կրակում էին չորս կողմը՝ ուր պատահեր։ Շուրջբոլորը դիակներ էին։ «Ոստիկանները մեզ ցույց տվեցին, թե ուր գնանք, իսկ այնտեղ մարդիկ օգնեցին մեզ, սուրճ ու շոկոլադ տվեցին, ծածկոցներ»,- ասել է փրկվածը եւ նշել, որ իրենք շատ երկար են սպասել ոստիկանության ժամանելուն։ «Մենք կես ժամ սպասում էինք ոստիկաններին՝ պառկած մահացած դիակների կողքին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ «Բատակլան» թատրոնում ռոք համերգի ժամանակ զինյալները մարդկանց պատանդ էին վերցրել։ Թատրոնի շենքում սպանվել էր 110 մարդ։