Եվրախորհրդարանն այսօր հավանություն է տվել Volkswagen կոնցեռնի հետ կապված սկանդալը հետաքննող հանձնաժողովի ստեղծմանը. սկանդալը կապված էր մեքենաների վրա այնպիսի ծրագրային ապահովման տեղադրման հետ, որը նվազեցնում է վնասակար նյութերի արտանետման ցուցանիշները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով AFP-ին:
Նրա տվյալների համաձայն, հանձնաժողովի խնդիրը կլինի պարզել, թե արդյոք Եվրահանձնաժողովում եւ ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարության շրջանում տեղյակ էին Volkswagen ընկերության թույլ տված խախտումներին, մինչեւ Միացյալ Նահանգներում կեղծարարության բացահայտումը:
«Մերկացնող տեղեկությունների ի հայտ գալուց հետո, որոնք կասկածի են առնում Եվրահանձնաժողովի դերը, անհրաժեշտ է, որ Եվրախորհրդարանը պարզի իրավիճակը», - «կանաչ» պատգամավոր Քարիմա Դելլիի խոսքերն է մեջբերում Ֆրանս Պրեսը:
Գերմանացի ավտոարտադրողը սկանդալի կենտրոնում է հայտնվել մեքենաներում այնպիսի ԾԱ-ի հայտնաբերումից հետո, որը հնարավորություն է տալիս շրջանցել ԱՄՆ-ի բնապահպանական խիստ նորմերը: Ավտոհսկայի նկատմամբ հետաքննություններ են սկսվել Եվրոպայի եւ Ասիայի մի շարք երկրներում: Ինչպես նշվել է Volkswagen-ի մամուլի հաղորդագրությունում, մեքենաների արտանետած վնասակար գազերին վերաբերող բնապահպանական թեստերի տվյալների կեղծարարության խնդիրը ամբողջ աշխարհում մինչեւ 11 մլն մեքենայի է վերաբերում:




























