Հայ տեխնոլոգները ռադիոակտիվ թափոնների վնասազերծման բացառիկ միջոց են մշակել:  

Հայաստանի վարչապետի խորհրդական,  «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ԲԲԸ-ի ղեկավար Համլետ Հովսեփյանը դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ   «ԱՏ-ՄԵՏԱԼՍ»-ը    3 տարի շարունակ հետազոտություններ է իրականացնում մետաղական հանքարանների հետ կապված: «Հետազոտության ընթացքում մենք կարողացանք ռադիոակտիվ թափոնների վրա փորձարկումներ անել: Իհարկե, այստեղ մեծ է նախագահի աջակցությունը, նա հավատաց մեզ եւ մենք մեր փորձարկումների արդյունքները ուղարկեցինք ՄԱԳԱՏԵ-ին` նրանց կարծիքը պարզելու: Նրանք մեզ գրեցին, որ իսկական ֆենոմեն կլինի, եթե մենք արդյունաբերական փորձարկում կատարենք եւ նույն դինամիկան պահպանվի: Դա հնարավոր կլինի միջազգային գյուտ համարել, որը կարող է ներդրվել աշխարհի մակարդակով», - ընդգծել է Համլետ Հովսեփյանը:   «Այս տարվա սեպտեմբերին մենք ՄԱԳԱՏԵ-ի առաջարկով Ֆրանսիայում ամերիկյան  MRS կազմակերպության նախաձեռնած համաժողովին ներկայացրեցինք մեր նախագիծը: Համաժողովին մասնակից ամբողջ գիտական աշխարհը զարմացած էր մեր արդյունքներից, որոնք թափոնների վնասազերծումն ավելի անվտանգ են դարձնում, քան ՄԱԳԱՏԵ-ի հաստատած ստանդարտներն են», - հավելել է Համլետ Հովսեփյանը:

 «ԱՏ-ՄԵՏԱԼՍ»-ի գործադիր տնօրեն Հայկ Մեջլումյանը նշել է, որ ինքը` նյութը ռադիոակտիվ չէ:  

 «ԱՏ-ՄԵՏԱԼՍ»-ի ինժեներ-տեխնոլոգ Վռամ Խաչատրյանը նշել  է, որ մինչ այժմ գործող տեխնոլոգիաներում էկրաններ էին օգտագործվում, բայց հերիք էր դրանք փչանային, ռադիոակտիվությունը կարող էր դարձյալ վտանգ ներկայացնել շրջակա միջավայրի համար:    

Նշենք, որ հայ տեխնոլոգների կողմից կիրառվող MNR մեթոդի առավելություններն են համարվում բնապահպանական անվտանգության ավելացումը, հուսալիությունը, ֆունկցիոնալությունը եւ արդյունավետությունը, ինչպես նաեւ ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծախսերի նվազեցումը: