Հարավկորեական Hyundai-KIA կորպորացիան մինչեւ 2018 թվականը 2 մլրդ դոլար կներդնի անվարորդ կառավարման տեխնոլոգիաների զարգացման մեջ, ասվում է  KIA-ի հաղորդագրության մեջ: Այդ միջոցները կուղղվեն վարորդին օգնության բարձր տեխնոլոգիական համակարգերի (ADAS - Advanced Driver Assistance System) մշակմանը:

2020-ին KIA-ն նախատեսում է ամբողջ մոդելային շարքի համար շարժման մասամբ ավտոմատ ռեժիմի մի շարք տեխնոլոգիաներ ներդնել, ներառյալ էներգիայի այլընտրանքային աղբյուրներով մեքենաներում: Մինչեւ  2030 թվականը ընկերությունը հույս ունի ներկայացնել առաջին անվարորդ մեքենան, տեղեկացնում է  «Ինտերֆաքսը»:

«Որպես  անվարորդ մեքենաների ստեղծման կարեւորագույն բաղադրիչ, KIA-ն ռեսուրսները կենտրոնացնում է մեքենաների միջեւ, մեքենաների եւ ենթակառուցվածքի օբյեկտների, ինչպես նաեւ մեքենաների եւ այլ օբյեկտների միջեւ փոխգործակցության եւ տվյալների փոխանակման տեխնոլոգիաների մշակման վրա», - ասված է ընկերության հաղորդագրությունում: 

KIA-ն ամերիկյան Նեւադա նահանգից արտոնագիր է ստացել ընդհանուր օգտագործման ճանապարհներին անվարորդ կառավարման սեփական տեխնոլոգիաների առաջին փորձարկումների համար: KIA Soul EV էլեկտրամոբիլի վրա վարորդին օգնության բարձրտեխնոլոգիական համակարգերն արդեն փորձարկվել են այդ նահանգի Բիտտի քաղաքում: