Հաջորդ սերնդի Renault Scenic-ը նախագծված կլինի ամենագնացների, ոչ թե կոմպակտվենի ոճով: Այդ մասին, ֆրանսիական ապրանքանիշի գլխավոր դիզայներ Լորենս վան դեն Ակերին վկայակոչելով, տեղեկացնում է   De Telegraaf պարբերականը:

«Ինչպես կարող եք նկատած լինել, մինիվեներն այլեւս այն ժողովրդականությունը չունեն, ինչ ունեին  90-ականներին: Նոր Scenic-ը ամենագնաց կդառնա, ինչպես դա պատահեց    Espace մոդելին` սերնդափոխության ընթացքում: Ես վստահ եմ, որ մարդիկ դարձյալ կսիրեն այդ ավտոմեքենան», – նշել է վան դեր Ակերը, գրում է Motor-ը:

Նիդերլանդցի մասնագետն ասել է, որ  Renault Scenic-ի ներկայացումը նախատեսված է    2016-ի երկրորդ կեսին: Ամենայն հավանականությամբ մոդելի հանրային դեբյուտը տեղի կունենա Փարիզի ավտոսալոնում:  

Վերջերս AutoExpress-ը հրապարակել էր հաջորդ  Scenic-ի թեստային նախատիպի լրտեսական լուսանկարը, որը, ամենայն հավանականությամբ, ավելի   «բարձր եւ մարզական ուրվագիծ» կունենա:

Ակնկալվում է, որ նորույթը նույն շարժիչային շարքը կունենա, ինչ չորրորդ սերնդի   Megane-ի ընտանիքին պատկանողները: Մոդելը կառաջարկվի  100 եւ 130 ձիաուժ հզորությամբ 1,2 լիտրանոց ագրեգատներով, ինչպես նաեւ 1.6 «տուրբոքառյակով»:  Դիզելային շարքը ներկայացված է 90 եւ 110 ձիաուժ հզորությամբ  1,5 լիտրանոց շարժիչներով, ինչպես նաեւ  1,6 լիտրանոց շարժիչով, որը   130 կամ 165 ձիաուժ է զարգացնում: