Ամերիկյան Classic Recreations ավտոարհեստանոցն ազդարարել է 1960-ների դասական Shelby Mustang մասլ-քարի նոր պատճենների թողարկումը: Ավտոմեքենաները կառաջարկվեն EcoBoost ընտանիքի ժամանակակից  «ֆորդյան» տուրբոշարժիչներով:

4,7 լիտր ծավալի 275 ձիաուժ ութցիլինդրանի շարժիչի փոխարեն կտեղադրեն ավելի թեթեւ` 3,5 լիտրանոց թվին-տուրբո V6 ագրեգատ, որի գործարանային  մոդիֆիկացիան  370 ձիաուժ հզորություն ունի եւ 569 Նմ պտույտի պահ:

Միաժամանակ թյուներները կառավարման էլեկտրոնային բլոկի նոր կարգաբերումներ եւ մեծացված տուրբոներմղիչներ են օգտագործում , ինչի շնորհիվ շարժիչի արտադրողականությունն աճում է մինչեւ մոտավորապես 600 ձիաուժ, տեղեկացնում է Motor-ը:

Բացի այդ, «Մուստանգի» համար մատչելի կլինի երկուլիտրանի փչովի  EcoBoost շարժիչը, որը տեղադրված է Ford Focus ST-ի վրա: Հոթ-հեթչի վրա  այն 250 ձիաուժ է զարգացնում եւ 360 Նմ, սակայն Borg Warner ընկերության մեկ այլ տուրբինը հնարավորություն կտա նրա տվյալները մեծացնել մինչեւ  300 ձիաուժ եւ 488 Նմ: Մասլ-քարի տվյալ տարբերակը նախատեսված է չինացի հաճախորդների համար, որոնց կազատեն ավելի մեծ շարժիչի համար բարձր հարկ վճարելու անհրաժեշտությունից: 

Classic Recreations-ում նշել են, որ իրենց «Մուստանգները» նոր տուրբոշարժիչների, թեթեւացված կառուցվածքի եւ կախոցի ժամանակակից կարգավորումների շնորհիվ կդառնան  «աշխարհի ամենադրայվերական մասլ-քարերից»: