Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիա է հրավիրել ԱՄՆ-ի Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի  տնտեսագիտության պրոֆեսոր, հայազգի Տարոն Աջեմօղլուին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  հայազգի Տարոն Աջեմօղլուն նշել է, թե Դավութօղլուն իրեն հրավիրել է Թուրքա, ոչ միայն ակադեմիական հետազոտություններ իրականացնելու, այլ նաեւ Թուրքիայի տնտեսության մեջ կարեւոր դերակատարություն ստանձնելու համար։

Milliyet-ի հետ հարցազրույցի ժամանակ, Տարոն Աջեմօղլուն նշել է, թե երբեք Դավութօղլուի հետ չի հանդիպել, միայն հեռախոսով է հետը խոսել։ «Հուսով եմ, առաջիկայում Թուրքիա կվերադառնամ եւ  նրա հետ մոտիկից կծանոթանամ»-նշել է հայազգի տնտեսագետը:

Տարոն Աջեմօղլուն անդրադառնալով համաշխարհային ճգնաժամի՝ Թուրքիայի վրա ունեցած ազդեցությանը, նշել է, թե թուրքական տնտեսության հիմքերն առողջ են, իսկ Թուրքիայի համար հիմնական վտանգը՝ քաղաքական անկայունությունն է։

Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք»  համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։  1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։

Տարոն Աջեմօղլուն,  IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն,  աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը այդ ցուցակում 13-րդ տեղն է։