Ալեքսեյ Ուչիտելի «Կռայ» ֆիլմը առաջադրվելու է «Օսկար» մրցանակաբաշխությանը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Նախքան իրենց որոշման մասին հայտնելը, Օսկարի ռուսական հանձնաժողովի անդամները դիտել են տասնյակ կինոնկարներ եւ եզրակացրել, որ այս փուլում աներկբա հաղթողը  «Երկրամաս» ֆիլմն է: Ֆիլմն ունեցել է լուրջ մրցակիցներ՝ Վերա Գլագոլեւայի «Մի պատերազմ», Ալեքսեյ Պոպոգրեբսկոյի «Ինչպես ես անցկացրի այս ամառը», Պավել Լունգինի «Ցարը»: Օսկարի ռուսական հանձնաժողովի անդամները տասնյակ հավակնորդներից ընտրել են հենց «Կռայ»-ը:

Հանձնաժողովի կազմում  եղել  են  Նիկիտա Միխալկովը (ում հեղինակած «Արեւից ուժահատածները. Գալիք» ֆիլմը նույնպես հավակնորդների մեջ էր), Վլադիմիր Նաումովը, Անդրեյ Կոնչալովսկին, Գլեբ Պանֆիլովը, Վլադիմիր Մենշովը, Կարեն Շահնազարովը եւ Կիրիլ Ռազլոգովը: Ուչիտելի ֆիլմում գործողությունները տեղի են ունենում 1945 թվականին, Կռայ անունով խուլ, տափաստանային գյուղում, որտեղ հանդիպում են ռազմաճակատից եկած մեքենավարը, որը փորձում է նոր կյանք սկսել պատերազմից հետո, եւ գնդակահարված ինժեների դուստրը: Ֆիլմում նկարահանվել են Վլադիմիր Մաշկովը, Անյորկա Շտրեխելը, Սերգեյ Գարմաշը, Յուլիա Պերեսիլդը եւ այլք: «Երկրամասում» նկարահանվել է նաեւ հայազգի հայտնի դերասան  Արմեն  Ջիգարխանյանը: Ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 22-ին: Օսկար մրցանակաբաշխության մրցանակակիրները հայտնի կդառնան 2011 թվականի փետրվարի 27-ին: