Հայաստանում անապահով ընտանիքների հեռուստատեսությունը չեն անջատի: Այդ մասին հունվարի 26-ին լրագրողներին հայտնել է պետական «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակման ցանց» ձեռնարկության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:
Նա նշել է, որ անալոգային հեռարձակումը, որը պահպանվում է թվայինին զուգահեռ, կմնա այնքան, մինչեւ որ հանրապետության անապահով ընտանիքներին թվային դեկոդերներ բաժանվեն: Դրանք արդեն բաշխվել են բոլոր մարզերում, բացի Վայոց ձորի, Արմավիրի մարզերից եւ Երեւան քաղաքից:
Ընդհանուր առմամբ պետությունը Հայաստանի Հանրապետությունում 46,7 հազար սարք կբաժանի, իսկ Լեռնային Ղարաբաղում` 2 հազար: Նշենք, որ Հայաստանում ընտանեկան նպաստ է ստանում 105 հազար ընտանիք, բայց դեկոդերներ կստանան ոչ բոլորը, այլ ծայրահեղ կարիքավորները (նշված 46,7 հազարը):
Ամալյանի խոսքով, անապահով չհամարվող ընտանիքների համար դեկոդերների ձեռք բերումը շատ դժվար չի լինի: Նա հիշեցրել է, որ մանրածախ վաճառքում նման սարքերն արժեն 7,5-ից 10 – 12 հազար (15 – 25 դոլար): Գինը կախված է կորպուսից (պլաստմասսայե կամ մետաղական), մենյուի համար դիսփլեյի առկայությունից եւ այլն: «Շատ կարեւոր է մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել. գնելիս նախապատվությունը տվեք հայկական մենյուով սարքերին: Այն արդեն լայնորեն տարածված է», - հավելել է նա: Ինչ վերաբերում է սոցփաթեթով սարքերին, դրանք ներմուծվել են առանձին խմբաքանակով: Ներմուծողը պարտավոր է 1 տարվա երաշխիքային ժամկետ ապահովել, ինչպես նաեւ բոլոր մարզերում սպասարկման կետերի ցանց բացել, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն խափանված սարքերի համար Երեւան գնալ:



























