Ոչ ոք չի սահմանափակում Հայաստանում հեռուստաալիքների թիվը: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:
Նա նշել է, որ Տրանսպորտի եւ կապի նախարարության պետական վերահեռարձակման ցանցը անվճար կհեռարձակի 18 հեռեւստաալիք Երեւանում եւ 9-ը՝ մարզերում: Մարզերում կհերռարձակվեն 8 հանրապետական ալիքներ եւ մեկական մարզային: Դա չի նշանակում, որ հանրապետությունում այլ ալիքներ չեն լինելու, ցանկության դեպքում դրանք կարող են եթերում հայտնվել մասնավոր հեռարձակմամբ: Պետությունն արդեն մասնավոր հեռարձակողներին համար բացել է լիցենզիա ստանալու համար դիմելու հնարավորությունը:
«Եթե մենք տեսնենք, որ հեռուստաընկերությունները կարող են հեռարձակել որեւէ ցանցով (պետական կամ մասնավոր), այդ ժամանակ անվճար հեռարձակման մրցույթ կանցկացվի՝ վերը նշված 18 եւ 9 ալիքների շրջանակներում: Հիմա գործող բոլոր հեռուստաալիքները կարող են եթեր դուրս գալ առանց վերահեռարձակման վճարի»,-ասել է Ամալյանը:
Նա պարզաբանել է, որ 18 ալիքներ կարող են դիտել ոչ միայն Երեւանի, այլեւ հարակից բնակավայրերի բնակիչները, որոնք ընդգրկված են մայրաքաղաքի հեռուստաաշտարակի տիրույթում: Այդ տիրույթում ապրում է հանրապետության բնակչության 54 տոկոսը:



























