Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ սպառնալով պատասխանատվության ենթարկել մի շարք կայքերի այս տարվա հունվարին մարզերում ժողովրդական ցույցերի մասին «կեղծ» տեղեկություններ տարածելու համար, տեղեկացնում է contact.az-ը։

Մասնավորապես կեղծիքի մեջ են մեղադրել Jam.az,  Qaynar-media  եւ Pia.az կայքերը։  «Այդ լրատվամիջոցներից պահանջել են վերջ տալ կեղծ եւ զրպարտիչ լուրեր տարածելուն։ Այդ պահանջներն անտեսելու դեպքում դատախազությունն ավելի լուրջ միջոցների կդիմի»,- ասված է հայտարարության մեջ։ Դատախազությունն ավելի վաղ նման նկատողություն էր արել նաեւ Qaynar.info կայքին։

Ինչպես նախորդ անգամ, դատախազությունը հիշատակել է Մամուլի խորհրդի եզրակացությունները, որոնք արվել էին հունվարին լրատվամիջոցների մշտադիտարկման ավարտին։ Վերոնշյալ լրատվամիջոցներին նաեւ  մեղադրում են սադրիչ կոչեր հնչեցնելու եւ տարբեր քաղաքներում սպասվելիք ակցիաների մասին լուրեր տարածելու մեջ։