Ամբողջ Թուրքիայից մոտ երկու հազար ակտիվիստ կին է հավաքվել   «քրդական մայրաքաղաք»  Դիարբեքիրի կենտրոնում` բանակի եւ քուրդ ապստամբների բախման դեմ երթի, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես պատմել են ակտիվիստ կանայք, իրենք անցյալ գիշեր ավտոբուսներով եկել են Ստամբուլից, Անկարայից եւ թուրքական այլ քաղաքներից: Այժմ նրանք վանկարկում են  «Խաղաղություն: Բանակցություններ» եւ «Կեցցե Սուրի դիմադրությունը», Դիարբեքիրի կենտրոնով երթ են կազմակերպել:

Մինչդեռ հանրահավաքից բառացիորեն երկու կիլոմետր հեռավորության վրա այդ ընթացքում թուրքական բանակի եւ քուրդ ակտիվիստների միջեւ բախում է տեղի ունենում: Համազարկերի ձայները լավ լսելի են երթի մասնակիցներին: 

Դիարբեքիր քաղաքի կենտրոնում է տեղակայված պատմական Սուր շրջանը, որն այժմ շրջափակված է թուրքական բանակի եւ ոստիկանության կողմից:   Այնտեղ մի քանի ճարտարապետական հուշարձան կա, մասնավորապես` այն շրջապատված է ամրոցի մի քանի կիլոմետրանոց պատով, որի որոշ հատվածներ թվագրվում են մթա  4-րդ դարով: Ամրոցի ներսում հին եկեղեցիներ եւ մզկիթներ կան, որոնք մոտ    1500 տարեկան են:

Սակայն վերջին ամիսներին Սուր շրջանը վերածվել է քրդական ՔԲԿ-ի գրոհայինների եւ թուրքական բանակի եւ ոստիկանության բախման վայրի: 

Դիարբեքիրի քաղաքապետ Ֆիրաթ Անլին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է, որ Սուրի 70 հազար բնակչից 50  հազարը լքել են իրենց տները: