Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաեւը երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը։

«Կողմերը կարծիքներ են փոխանակել ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ դժվարությունները ստեղծում է թուրքական կողմը, ինչի կապակցությամբ կարգավորման համար քայլեր պետք է ձեռնարկի Թուրքիան»,- ասված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Քննարկվել են նաեւ ռուս-ուկրաինական հարաբերությունների ընթացիկ վիճակը եւ Մինսկի համաձայնագրերի իրականացման պայմանները, նշել են մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Երկու երկրների նախագահները նաեւ քննարկել են 2016թ. ՇՀԿ, ԵՏՄ եւ ահյլ հարթակներում հանդիպումների գրաֆիկը։

Կրեմլի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է տնտեսական թեմատիկան, այդ թվում՝ վառելիքա-էներգետիկ ոլորտում վիճակը։

Փետրվարի 6-ին՝ Աստանայում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ, Նազարբաեւը նշել էր, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների ճգնաժամը մեծ խնդիր է իր երկրի համար։