Ներգաղթյալների լայնածավալ հոսքի դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել եվրոպական մի շարք քաղաքներում, գրում է Gazeta-ն` վկայակոչելով   The Wall Street Journal-ը։

Առավել բազմամարդ ակցիա է տեղի ունեցել Դրեզդենում, որտեղ բողոքին մոտ 25 հազար մարդ է մասնակցել: Պակաս զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Չեխիայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում եւ Էստոնիայում: 

Ինչպես գրում է պարբերականը, եղել են նաեւ ոստիկանության հետ բախման դեպքեր: Ամստերդամում ակցիայի կողմնակիցները եւ հակառակորդները փորձել են իրար եւ օրենքի պահապանների հետ բախման դուրս գալ:   

Հաղորդվում է, որ բողոքի ակցիաները կազմակերպվում են հակաիսլամական  Pegida կազմակերպության կողմից: Ինչպես նշում են փորձագետները, Եվրոպայում ներգաղթյալների դեմ տրամադրությունների աճը հանգեցրել է տվյալ շարժման ուժեղացմանը: Այն հիմնադրվել է Գերմանիայում երկու տարի առաջ եւ աջակցություն է ստանում եվրոպական այլ երկրներում: 

Նշվում է, որ Pegida-ն բազմիցս ընդգծել է իր ռուսամետ հակվածությունը:  Դրեզդենում ակցիայի ընթացքում հնարավոր էր մի քանի ռուսական դրոշ տեսնել, ինչպես նաեւ   «Կողմ ենք Ռուսաստանի հետ խաղաղությանը» եւ «Դադարեցրեք պատերազմը Սիրիայի դեմ» կարգախոսներով պաստառներ: