Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Շիրնակի Ջիզրեի շրջանում  պարետային դրության հետ կապված մարդու իրավունքների խախտման վերաբերյալ   26 հայցվորի դիմումը: 

Հայցվորների 26 հոգուց բաղկացած խումբը, որն այդ շրջանում է ապրում, նախ անհատական բողոքով դիմել է Սահմանադրական դատարան` մատնանշելով իրենց իրավունքների խախտումը եւ հանդես գալով անհրաժեշտ միջոցներ ձեռք առնելու խնդրանքով, տեղեկացնում է TRT-ի` Թուրքիայի Հեռուստառադիոընկերության կայքը: 

Սահմանադրական դատարանը մերժել է հայցվորների բողոքը` առաջարկելով դիմել պետական մարմիններ: 

Նույն օրն այդ մարդիկ հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը եւս մերժել է հայցը:   

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է  Ջիզրեի բնակիչների հայցը մերժել բավարար հիմքերի բացակայության պատճառով: 

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները դեկտեմբերին պարետային ժամ էին հայտարարել մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում, Շիրնակի նահանգի Ջիզրեի եւ Սիլոպիի շրջաններում, ինչպես նաեւ Մարդանի նահանգի Նուսայբինի եւ Դարգեչիտեի շրջաններում: Ջիզրեում եւ Սուրում շարունակում են փողոցային բախումները ուժայինների եւ արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության մարտիկների միջեւ: