Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Թուրքիայի Հանրապետության դեմ Հրանտ Դինքի եւ նրա ընտանիքի գործով Եվրոպական դատարանի միաձայն որոշումը: Եվրոպական դատարանը վճռել էր, որ «թուրքական իշխանությունները չեն կատարել իրենց պարտավորությունները լրագրող Ֆիրատ (Հրանտ) Դինքի կյանքի եւ արտահայտման ազատության պաշտպանության հարցում»:
Դինքի սպանությունից երեք ու կես տարի անց ՄԻԵԴ-ը ընդգծել է, թե թուրքական իրավական համակարգը Դինքի սպանողին դատական պատասխանատվության չի ենթարկել:
«Համագումարը շնորհավորում է Դինքի ընտանիքին Հրանտ Դինքի ժառանգության պահպանման եւ նրա հետքերով գնալու համար»,- ասել է Համագումարի խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը:
Հրանտ Դինքը հայտնի լրագրող էր, Ստամբուլում հրապարակվող «Ակոս» թերթի խմբագրապետը: Նա բարձրացնում էր Առաջին աշխարհամարտի տարիներին հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նա բազմիցս սպառնալիքներ է ստացել թուրք ծայրահեղականներից եւ սպանվել է 2007թ. հունվարի 19-ին թերթի խմբագրության առջեւ:





























