ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այսօր՝ փետրվարի 10-ին, մեկնարկել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնդիրներին ուղղված նոր ծրագիր՝ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում եւ համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանություն» (ԳԱՏՕ) անվանումով:

Եռամյա այս ծրագիրը միտված է նվազեցնելու Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառի ծավալները ու ապահովելու ռեսուրսների կայուն պահպանությունը: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության, Արարատի եւ Արմավիրի մարզպետարանների, այլ տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:  

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ վերջերս իրականացված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրությունը ընդգծեց ստորերկրյա ջրային պաշարների կրճատման հետ կապված մտահոգիչ իրավիճակը: Ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման եւ ձկնաբուծարանների կողմից արտեզյան ջրերից չկարգավորված ջրառի հետեւանքով Արարատի եւ Արմավիրի մարզերի մոտ 30 համայնք մնացել է առանց խմելու եւ ոռոգման ջրի:

Ջրի պակասությունը սպառնում է երկրի գյուղատնտեսական ոլորտին, նշված մարզերի սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական վիճակի վատթարացմանը, ինչպես նաեւ Մեծամորի ատոմակայանի անվտանգությանը, որի հովացման համակարգի համար օգտագործվում են ստորերկրյա ջրաղբյուրները: Չնայած վերջին ժամանակաշրջանում ՀՀ կառավարության կողմից Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի օգտագործման կարգավորման նպատակով ձեռնարկված մի շարք միջոցառումներին՝ իրավիճակը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում:

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիրը կաջակցի կառավարությանը քաղաքականության մշակման եւ տեխնիկական լուծումների կիրառման գործում՝ կենսական կարեւորություն ունեցող ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով: Ծրագիրը լուծելու է ստորերկրյա ջրերին վերաբերող առկա տվյալների թարմացման, որոշումների կայացման գործիքների մշակման, համապատասխան կառույցների մասնագիտական կարողությունների հզորացման, ջրային եւ էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաեւ իրավակիրարկման մեխանիզմներին առնչվող բացերի վերացման խնդիրները:

Ի թիվս այլ աշխատանքների, ծրագրի ընթացքում կիրականացվի Արարատյան դաշտում առկա հորերի եւ ջրաղբյուրների գույքագրում, կստեղծվի հանրության համար հասանելի տվյալների համակարգ, կտեղադրվի ջրառի ծավալի ավտոմատ վերահսկման համակարգ ընտրված 10 ձկնաբուծարաններում, եւ կփորձարկվեն ջրի եւ էներգիայի արդյունավետ օգտագործման նոր տեխնոլոգիաներ: ՀՀ կառավարությանը կներկայացվեն առաջարկություններ ձկնաբուծության նպատակով ռեսուրսավճարի օպտիմալ դրույքաչափերի սահմանման, ինչպես նաեւ ջրօգտագործման թույլտվությունների տրման եւ վերահսկողության գործընթացների հզորացման նպատակով: