Անգլո-հոլանդական նավթային Royal Dutch Shell կոնցեռնը եւ բրիտանական նավթագազային BG Group plc ընկերությունն ավարտել են միաձուլման գործընթացը, տեղեկացնում է Shell-ը: Այսպիսով, նոր ընկերություն է ի հայտ եկել, որը, վերլուծաբանների գնահատականով, իր շուկայական արժեքով նավթագազային համաշխարհային շուկայում երկրորդ խաղացողը կդառնա: 

«Փետրվարի 15-ից BG Group-ը Royal Dutch Shell-ի մաս է կազմում… Դա Shell-ի համար շատ կարեւոր պահ է: Այդ ձուլումը համաշխարհային դասի երկու պորտֆոլիո է միավորել ավելի մրցունակ ընկերություն ստեղծելու համար: Մենք տարբեր երկրներում, ներառյալ Բրազիլիան եւ Ավստրալիան, նավթագազի արտադրության նախագծեր ենք ձեռք բերել եւ կկարողանանք ավելի պարզ եւ տնտեսապես արդյունավետ ընկերություն ձեւավորել: Միասին մենք կկենտրոնանանք   բնական գազի խորջրյա արդյունահանման եւ   հեղուկացման մեր հիմնական փորձի վրա», — մեկնաբանել է Shell-ի ղեկավար  Բեն վան Բերդենը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:   

Գործարքի վերաբերյալ համաձայնության ձեռք բերման մասին հայտնի էր դարձել 2015-ի ապրիլին: Գործարքի շրջանակում BG-ի բաժնետերերը BG-ի յուրաքանչյուր արժեթղթի դիմաց պիտի 383 փենս ստանային եւ միավորված ընկերության 0,4454 բաժնետոմս: Միաժամանակ  Shell-ը պիտի 1,523 մլրդ նոր բաժնետոմս թողարկի: Արդյունքում   Shell-ի բաժնետիրական կապիտալը կազմված կլինի  Ա դասի 4,209 մլրդ եւ Բ դասի    3,74 մլրդ բաժնետոմսից:

Ինչպես միաձուլման վերաբերյալ համաձայնության ձեռք բերումից հետո հայտնել է  Shell-ը,  BG-ի ձեռք բերումը 25 տոկոսով կմեծացնի Shell-ի նավթի եւ գազի ապացուցված պահուստները, իսկ 20 տոկոսով` արդյունահանումը, ինչպես նաեւ կամրապնդի ընկերության դիրքերը նավթային եւ գազային նոր նախագծերում, մասնավորապես` Ավստրալիայում   ԲՀԳ-ի եւ Բրազիլիայում խորջրյա նախագծերում: 

Shell-ի ղեկավարությունը հույս ունի, որ միավորումը թույլ կտա ԲՀԳ-ի առաջատար համաշխարհային արտադրող ստեղծել: 2018-ին ընկերությունների` ԲՀԳ-ի արտադրության միավորված հզորությունները տարեկան   45 մլն տոննա կկազմեն,  2014-ին  Shell-ի    26 մլն տոննա հզորության դիմաց: