Կիեւում ակտիվիստները ներխուժել են Ուկրաինայի արդարադատության նախարարության շենք եւ պահանջել են կալանքի տակ առնել Ռուսաստանի «Սբերբանկի» հաշիվներում եղած 8 մլրդ գրիվենը եւ հետ վերցնել Ուկրաինայում գործունեություն ծավալելու բանկի արտոնագիրը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Սվոբոդա» համաուկրաինական միավորման անդամ Ալեքսանդր Արոնեցը։

Ակտիվիստի խոսքով՝ արդարադատության նախարար Պավել Պետրենկոն փակվել է իր աշխատասենյակում։ Ցուցարարների մոտ է դուրս եկել փոխնախարար Սերգեյ Շկլյարը, ով խոստացել է աշխատանքային խումբ ստեղծել «Սբերբանկի» շուրջ տիրող իրավիճակը պարզաբանելու համար։

Նշենք, որ փետրվարի 11-ին արդարադատության նախարար Պավել Պետրենկոն փակված էր մնացել իր աշխատասենյակում եւ չէր կարողացել ներկայանալ Գերագուն ռադայի նիստին։