Եվրահանձնաժողովը Մակեդոնիային 10, իսկ Հունաստանին 12.7 մլն եվրո կհատկացնի միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար։ Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտաս Սհինասը։
«Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Հունաստանին միգրացիոն խնդիրների լուծման համար 12.7 մլն եվրո հատկացնելուն։ Բացի այդ, այսօր հավանություն կտրվի նաեւ Մակեդոնիային 10 մլն եվրո հատկացնելու որոշմանը, որն ուղղված է լինելու սահմանների մշտադիտարկման համակարգի բարելավմանը»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մակեդոնիան եւ Հունաստանը ԵՄ-ի համար ամենախնդրահարույց երկրներն են, որոնց տարածքով անցնում է միգրանտների հիմնական հոսքը։ Տարեսկզբից դեպի Արեւմտյան Եվրոպա հետագա տեղաշարժի համար Մակեդոնիա է ժամանել 77 հազար մարդ։
Ավելի բարդ է իրավիճակը Հունաստանում, որին ԵՄ-ն մեղադրում է Շենգեն գոտու պահանջները չկատարելու մեջ։





























