«Արեւելյան գործընկերությունը» մնում է Եվրամիության առաջատար ծրագրերից մեկը: Այդ մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում Լեհաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին: 

Նրա խոսքով, «Արեւելյան գործընկերությունը» հարեւանության եվրոպական քաղաքականության առաջատար մասերից մեկն է:   «Եվ այն կփոխվի` դառնալով ավելի անհատական կոնկրետ երկրների հանդեպ, որովհետեւ  «Արեւելյան գործընկերության» երեք երկիր ստորագրել է Ասոցիացիայի մասին համաձայնագիրը, իսկ երեքը` ոչ: Տարբեր մոտեցումներ են առկա: Հույս ունեմ, որ Հայաստանը  2016 թվականի ընթացքում կստորագրի պայմանագիրը ԵՄ-ի հետ», - նշել է Եժի Մարեկ Նովակովսկին` հավելելով, որ պայմանագիրն ուղղված կլինի համագործակցության խորացմանը: 

Այն հարցին, թե արդյոք «Արեւելյան գործընկերությունը» առաջնահերթություն է մնում Լեհաստանի` ծրագրի նախաձեռնողի համար, դեսպանն ընդգծել է.   «Անկասկած` այո: Ինձ թվում է` Լեհաստանի նոր կառավարությունը նախկինից ավելի շատ ուշադրություն կդարձնի ԵՄ-ի այսպես կոչված արեւելյան քաղաքականությանը: Մոտ ժամանակներս  «Արեւելյան գործընկերությունը» նաեւ լեհական արտաքին քաղաքականության առաջավոր մասերից մեկը կլինի: