«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն այսօր` փետրվարի 15-ին, Ամանորի գիշերը ձերբակալված, ապա կալանավորված Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ տեղի ունեցող գործողությունները դատապարտելու պահանջով նամակ են հանձնել ԵԽԽՎ գրասենյակ: NEWS.am-ի հետ զրույցում «Նոր Հայաստանի» անդամներից Գագիկ Եղիազարյանը նշեց, որ Գեւորգ Սաֆարյանին կալանավորել են առանց հիմքերի եւ ԵԽԽՎ գրասենյակ հանձնած նամակում նշված են Գեւորգի նկատմամաբ տեղի ունեցած բոլոր անարդարությունները:
«Մեր նամակով կոչ ենք արել դատապարտել ու պատժամիջոցներ կիրառել այն բոլոր կառույցների ու մարդկանց նկատմամբ, որոնք համագործակցում են ՀՀ իշխանությունների հետ: Հնարավոր է, որ վաղը նամակի պատասխանն արդեն լինի»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկարցել էինք, որ Կենտրոնի եւ Նորք Մարաշի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ փետրվարի 15-ին, մերժել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ՝ փաստաբանի միջնորդությունը:
Դատարանի որոշումը դժգոհություն էր առաջացրել Գեւորգ Սաֆարյանի` դատարանի առջեւ հավաքված համախոհների շրջանում, նրանք ձվեր էին նետել դատարանի շենքի վրա: Գեւորգ Սաֆարյանին սատարող մի քանի տասնյակ քաղաքացիներ Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանի շենքի մոտից շարժվել էին ԵԽԽՎ գրասենյակ:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:
Դատարանի որոշմամբ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:




























