«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը ստիպված է հանրությանը կրկին  հիշեցնել եւ պարզաբանել, որ իրենք որեւէ կապ չունեն մենք «Օրինաց Երկիր» կուսակցության, Արթուր Բաղդասարյանի եւ իր նախաձեռնությունների հետ:

Նրանց տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը ստիպված է հանրությանը կրկին  հիշեցնել եւ պարզաբանել, որ մենք «Օրինաց Երկիր» կուսակցության, Արթուր Բաղդասարյանի եւ իր նախաձեռնությունների հետ բացարձակապես ոչ մի կապ չունենք:

«Օրինաց Երկիր» կուսակցությունը  նախաձեռնել է «ստեղծել» մի նոր կուսակցություն, եւ կոպտորեն խախտելով քաղաքակիրթ գործելակերպի եւ մարդկային պատշաճության կանոնները, այդ նոր կուսակցությունը անվանում է մեր՝ ավելի քան երեք տարի շարունակ գործող կազմակերպության անունով՝ «Հայկական Վերածնունդ»:

Մի կողմ դնենք այն, որ վարկաբեկված կուսակցությունը նոր անվանումով հասարակությանը ներկայացնելը դա ոչ թե վերածնունդ է, այլ խաբեբայություն հանրությանը մոլորեցնելու եւ խաբելու փորձ: Հասկանում ենք որ բոլորը, նույնիսկ վարկաբեկված քաղաքական գործիչները իրավունք ունեն նոր կազմակերպություններ բացելու եւ դրանք ըստ իրենց ցանկության անվանելու՝ որքան էլ որ անունը պարունակությանը չհամապատասխանի: Սակայն գոյություն ունեցող կազմակերպության անունը կրկնօրինակելը համարժեք է գողության եւ դատապարտելի է:

«Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավարությանը պահանջում ենք չդիպչել մեր կազմակերպության անվանը՝ բառիս ուղղակի եւ անուղղակի իմաստներով: Հայոց լեզուն ունի հսկայական բառապաշար, եւ դժվար չէ ընտրել մեկ այլ անուն: Իսկ երեւակայության բացակայության դեպքում առաջարկում ենք օգտվել Արթուր Բաղդասարյանի շուրջ ձեւավորված ածականների շարքից»: