Կանադական ընկերությունները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի արդյունաբերության տարբեր բնագավառների նկատմամբ, մասնավորապես, հանքարդյունաբերական ոլորտում: Այս մասին, փետրվարի 15-ին, Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնի հետ հանդիպման ժամանակ նշել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը գոհունակությամբ արձանագրեցին քաղաքական երկխոսության ակտիվացման փաստը, որի ապացույցն է փոխայցելությունների քանակի աճը երկու երկրների միջեւ: Դեսպան Եգանյանը նշեց, որ 2015թ. ընթացքում Կանադա այցելել են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաեւ կայացել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի պաշտոնական այցը: Միաժամանակ դեսպանը ողջունեց նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած կանադական երկու պատվիրակությունների այցը Հայաստան` նախարարներ Քրիս Ալեքսանդրի եւ Քրիստիան Պարադիի ղեկավարությամբ: Նշվեց վերջին տարիների ընթացքում երկկողմ առեւտրատնտեսական կապերում արձանագրված առաջընթացը, ինչի վկայությունն է 2015թ. կանադական առաջին առեւտրատնտեսական առաքելության այցը Հայաստան: Դեսպանն ընդգծեց, որ կանադական ընկերությունները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի արդյունաբերության տարբեր բնագավառների նկատմամբ, մասնավորապես, հանքարդյունաբերական ոլորտում:

Նախարար Դիոնի խնդրանքով դեսպան Եգանյանն ամփոփեց 2015թ. ընթացքում Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Կանադայում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Հանդիպմանը քննարկվեցին 2015թ. հոկտեմբերին Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի արդյունքները:

Կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքները` ինչպես երկկողմ քաղաքական երկխոսությունն առավել զարգացնելու, այնպես էլ առեւտրատնտեսական կապերն ամրապնդելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային այլ արդի խնդիրների: