Եվրամիության գլխավոր խնդիրն այն է, որ Շենգեն գոտին այդքան արդյունավետ չէ, որքան ԵՄ-ն կցանկանար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
Անդրադառնալով հարցին, թե ԵՄ-ում ինչ տրամադրություններ են տիրում Շենգենյան համաձայնագրին սպառնացող վտանգի կապակցությամբ, դեսպանը պատասխանեց. «Դեռեւս Հռոմեական կայսրության անկումից հետո, երբ սկսվեց զանգվածային գաղթը, այն խորը ճգնաժամեր է առաջ բերում: Մենք կարծում ենք, որ միգրացիայի ներկայիս ալիքը նույնպես ինչ-որ իմաստով սպառնալու է Շենգեն գոտուն, սակայն ես համոզված եմ, որ մեզ կհաջողվի ի վերջո լուծել այդ խնդիրը»:
Դեսպանը նշել է, որ ԵՄ բոլոր անդամները ջանքեր են գործադրում հարցին այնպիսի լուծում տալու համար, որը ոչ մի կերպ չի վնասի ԵՄ զարգացմանը: «Ինձ թվում է, որ միգրացիոն ճգնաժամն արդեն վերահսկողության տակ է: Լեհաստանի կարծիքով դա այդքան թեժ հարց չէ, քանի որ այդ միգրանտները դեռ չեն ցանկանում մեկնել Լեհաստան»,- հավելել է Նովակովսկին:



























