Հայաստանում շատ քիչ մարդիկ են մնացել, ովքեր հավատում են հայ-թուքրական սահմանի բացման հնարավորությանը, եւ անգամ նախագահ Սերժ Սարգսյանը չի հավատում դրան: Խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ, նման համոզմունք է հայտնել ՀՅԴաշնակության պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

«Իհարկե, յուրաքանչյուր երկրի նախագահ պետք է ձգտի կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ, բայց ողջ հարցն այն է՝ թե ինչ գնով»,- ասել է Կարապետյանը՝ նշելով, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է հանվեն օարակարգից, քանի որ Թուրքիայի պանթյուրքիստական քաղաքականությունը ձախողում է Հայաստանի բոլոր նախաձեռնությունները:

Նրա խոսքով, Թուրքիան եւ Ադրբեջանը համախմբում են իրենց ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտությանը կրոնական երանգավորում տալու համար: «Պաշտոնական Երեւանը պետք է պարտադիր կարգով բարձրացնի այդ հարցը միջազգային հանրության առջեւ»,- ասել է Կարապետյանը: Նա մեկ անգամ եւս ընդգծել է Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը: Դա, ըստ նրա, նոր խթան կհանդիսանա Լեռնային ղարաբաղի միջազգային ճանաչման գործում: «Իսկ ԼՂՀ ճանաչումը պետք է պահվի որպես վերջին քայլ»,- ասել է նա:

Իր հերթին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, թե հայ ժողովուրդը դեմ չէ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, դեմ է արձանագրություններին, որոնք հակասում են Հայաստանի շահերին: