Միջերկրական ծովի լիբիական ափին մոտ 200 հազար փախստական կա։ Այս մասին հայտնել է գերմանական Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով արեւմտյան հատուկ ծառայությունների տվյալները։
Պարբերականի տվյալներով, այդ փախստականների մեծ մասը Էրիթրեայի, Սոմալիի եւ Նիգերիայի քաղաքացիներ են, նրանք սպասում են եղանակային պայմանների բարելավմանը, որպեսզի ծովով հասնեն Եվրամիություն։ Միաժամանակ, թերթը հիշեցնում է, որ փախստականների համար հարմար երթուղիներ կարող են լինել նաեւ Թուրքիայից Սեւ ծովով կամ Վրաստանի եւ Ռուսաստանի տարածքով Սեւ ծովով Եվրոպա ճանապարհները։
Եվրոպական սահմանապահ Frontex գործակալության տվյալներով, նախորդ տարի ԵՄ երկրներ են ժամանել ավելի քան 1,5 մլն փախստականներ։ Այս տարվա հունվարին ու փետրվարին միգրանտների հոսքը մի փոքր նվազել է, սակայն փորձագետների մեծ մասը դա պայմանավորված է անբարենպաստ եղանակային պայմաններով ու Միջերկրական ծովում փոթորիկներով, ոչ թե ԵՄ-ի եւ Թուրքիայի կողմից միգրացիան սահմանափակող միջոցառումներով։
Մասնագետները մտավախություն ունեն, որ ամռանը փախստականների հոսքը կարող է հասնել նախորդ տարվա մակարդակին, իսկ հնարավոր է անգամ գերազանցի այն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


























