Ուգանդայի ոստիկանությունը ձերբակալել է «Ժողովրդավարական փոփոխությունների ֆորում» ընդդիմադիր  կուսակցության անունից նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Կիզզա Բեսիջեին այն բանից հետո, երբ տեղեկություններ էր ստացել, որ կուսակցությունը մայրաքաղաք Կամպալեում անկարգություններ է պլանավորում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

«Այսօր Բեսիջեն մի խումբ երիտասարդ մարդկանց կոչ է արել հարձակվել ընտրական հանձնաժողովի վրա»,- մեջբերում է գործակալությունը ոստիկանության մամուլի խոսնակ Պատրիկ Օնյանգոյին։

Անցյալ շաբաթ ոստիկանությունն արդեն երկու անգամ ձերբակալել էր Բեսիջեին, սակայն հետո ազատ էր արձակել։

Նշենք, որ երկրի ԿԸՀ տեղեկություններով՝ նախագահական ընտրություններում հաղթած Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեւենին հավաքել է ընտրողների ձայների 60.8 տոկոսը։ Իսկ նրա հակառակորդ Կիզզա Բեսիջեն՝ 35.4 տոկոսը։