Լեհաստանի Ուստրոն քաղաքի բնակիչները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով տեղափոխել իրենց տարածքում գործող փախստականների կենտրոնը։ ТВН24 հեռուստաալիքը հայտնում է, որ խնդրագրի տակ արդեն 600 մարդ է ստորագրել։
Ներկայումս այդ կենտրոնում բնակվում է մոտ 80 մարդ։ Հիմնականում նրանք ուկրաինացիներ եւ ղազախներ են։ Սակայն տեղաբնակները վախենում են սիրիացի փախստականների ժամանելուց։ «Մեր քաղաքը շատ փոքր է, որպեսզի փախստականներ ընդունի։ Մարդիկ վախենում են»,- ասել են քաղաքաբնակները ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լեհաստանի՝ փախստականների հարցերով վարչության ներկայացուցիչ Եվա Պեխոտան վստահեցրել է, որ Ուստրոնիում սիրիացի փախստականներ չեն տեղակայվելու։ Նրա խոսքով՝ արաբական երկրներից փախստականների ժամանելու հարցն ընդհանուր առմամբ հարցականի տակ է։ «Մինչեւ 2016թ. վերջ մեզ մոտ կարող է հայտնվել առավելագույնը 400 մարդ։ Մինչ այս պահը մենք 100 դիմում ենք ստացել»,- ասել է նա՝ նշելով, որ բոլոր փախստականներին ստուգելու են։
Փախստականների բաշխման եվրոպական ծրագրի շրջանակներում Լեհաստանը պարտավորվել է 2 տարում ընդունել 7 հազար փախստական։ Իշխանությունները դեռեւս հայտնել են, որ մինչեւ 2016թ. կարող են տեղակայել միայն 400 մարդու։





























