2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի հետաքննությունը մինչեւ վերջ հասցնելու կամք կա։ Այս մասին փետրվարի 22-ին խորհրդարանում իր աշխատանքային ծրագիրը ներկայացնելիս ասել է Հայաստանի ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը։ «Օմբուդսմենի լիազորությունների շրջանակում ես պատրաստ եմ քննարկել այդ հարցը։ Այն բարձրացրել են օմբուդսմեններ Արմեն Հարությունյանը եւ Կարեն Անդրեասյանը։ Կա կամք եւ հնարավորություն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հարցը օրենքով նախատեսված կարգով լուծելու համար»,- վստահեցրել է նա։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանունկյանն իր հերթին Թաթոյանին առաջարկել է օմբուդսմենի պաշտոնին նշանակվելու դեպքում հանդիպում կազմակերպել ողբերգական իրադարձությունների զոհերի ծնողների եւ հարազատների հետ։ «Հենց նրանց էլ կասեք, ինչ կարող եք խոստանալ։ Մեր խնդիրը Ձեզ քննադատելը չէ։ Մեր խնդիրն է, որ այսքան տարի անց արդարությունը վերականգնվի»,- ասել է Մանուկյանը։
Այս դիտարկմանն ի պատասխան՝ Թաթոյանը նշել է, որ օմբուդսմենի հասանելի լինելն ու իրավունքների ոտնահարումներին արձագանքելը աշխատանքի անփոփոխ պայմաններից մեկն է։ Իսկ ինքը կարող է միայն իրատեսական խոստումներ տալ։





























