ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է աշխարհի առաջատար առաջնորդներին՝ այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին,Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, հայտնում է WikiLeaks կայքը:

Նշում են, որ ԱԱԳ տեսադաշտում էր հայտնվել Բան Կի Մունի ու Մերկելի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցերը: Նաեւ գաղտնալսվել է Նեթանյահուի ու Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի միջեւ զրույցը՝ իսրայելցի քաղաքական գործիչը խնդրում էր օգնել շփում հարթել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

WikiLeaks -ի հաղորդագրության մեջ հիշատակված էր նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի ու Բեռլուսկոնիի հանդիպումը: Պետության ղեկավարը վարչապետին նախազգուշացրել էր իտալական տնտեսության աղետալի վիճակի մասին: Բացի դրանից, ինչպես նշված է կայքում, ԱԱԳ-ն գաղտնալսել է ԵՄ ու Ճապոնիայի առեւտրի նախարարների զրույցները՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության թեմայով:

Որոշ փաստաթղթեր ունեն «գաղտնիության ամենաբարձր աստիճանը մամուլի կողմից երբեւէ հրապարակված տեղեկությունների շարքում», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: