Արտերկրում գործող սիրիական ընդդիմության մի մասը դեմ է երկրում համընդհանուր ընտրությունների անցկացմանը, քանի որ այս պահին երկրի ողջ տարածքում ռազմական գործողություններ են ընթանում: Այս մասին հայտարարել է բանակցությունների հարցով բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Նաասան Աղան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աղայի խոսքով, «Ասադի այդ քայլը ցույց է տալիս, որ նա չի մտածում հրադադարի մասին, որը, պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 27-ից, ինչպես նաեւ քաղաքական կարգավորման մասին»:
Նշենք, որ Փետրվարի 22-ի ուշ երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել ապրիլի 13-ին երկրի խորհրդարանի (Ժողովրդական խորհուրդ) արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Ընտրությունները տեղի կունենան բազմակուսակցական սկզբունքով եւ Սահմանադրությանը համապատասխան, որն ընդունվել է 2012-ի փետրվարի 26-ին կայացած հանրաքվեով:
Սիրիայի Ժողովրդական խորհուրդը բաղկացած է 250 պատգամավորից, որոնք ընտրվում են ուղիղ, գաղտնի քվեարկությամբ 4 տարի ժամկետով: Աշխատավորների եւ գյուղացիների քվոտաները խորհրդարանում պահպանվում են: Նրանք կունենան 127 տեղ:





























