Քենիայի ոստիկանությունը մարտունակության բարձրագույն մակարդակի է բերվել, երբ տեղեկություն է ստացվել, որ «Աշ-Շաբաբ» խմբավորումը նախատեսել է փետրվարի վերջին կամ մարտի սկզբին երկրի օդանավակայաններում ահաբեկչական գործողություններ իրականացնել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Սինհուա գործակալությանը:
«Մենք հետախուզական տվյալներ ենք ստանում, որ «Աշ-Շաբաբը» նախատեսել է փետրվարի վերջին կամ մարտի սկզբին ահաբեկչական գործողություններ իրականացնել, որոնց թիրախը կդառնան օդանավակայանները», — հաղորդել է Քենիայի ավիացիոն անվտանգության ղեկավար Էրիկ Կիրայտեն երկրի բոլոր օդանավակայաններին ուղղված գրության մեջ, որը երկուշաբթի հայտնվել է գործակալության տրամադրության տակ:
Կիրայտեի տվյալների համաձայն, որպես ուղեւոր ներկայացող գրոհայինները կարող են իրենց պայթեցնել ինքնաթիռի վայրէջքի ընթացքում: Նա նաեւ հավելել է, որ խոսքը գլխավորապես ներքին չվերթների մասին է:
Գրության մեջ ասված է, որ 11 մահապարտ ահաբեկչից կազմված խումբը Սոմալիի տարածքում պատրաստություն է անցել «օդում» ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: «Գրոհայինների թիրախ կդառնա Ջոմո Քենիատայի անվան միջազգային օդանավակայանը (երկրի մայրաքաղաք Նայրոբիում) կամ Ուիլսոն օդանավակայանը, մյուսների թիրախը կդառնա առափնյա շրջանը, ներառյալ Մոմբասի օդանավակայանը», — հաղորդել է Կիրայտեն:
Կիրայտեն օդանավակայանների կառավարիչներին կոչ է արել միջոցներ ձեռք առնել հնարավոր ահաբեկչական գործողություններից խուսափելու համար:





























