Հայաստանում կոռուպցիան չի չափվում աստիճաններով կամ տոկոսներով, այն պարզապես պետության կառավարման նպատակ եւ մեթոդ է միաժամանակ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան շարժումը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Անկախության վերականգնումից քսանհինգ տարի անց մենք չենք կարող հպարտանալ Հայաստանի ձեռքբերումներով եւ ապահով լինել, որ այն փարոս ու հանգրվան է աշխարհասփյուռ հայության համար: Մեծ հայրենադարձության փոխարեն ականատես ենք Մեծ արտագաղթի, ինչի հետեւանքով երկիրը մարդաթափ է լինում: Այսպես շարունակվելու պարագայում կարճ ժամանակ անց մենք կկորցնենք մեր պետականությունն ու Հայրենիքից մնացած այս վերջին հատվածը:
Հայաստանը կառավարող վարչախումբը հանցավոր կազմակերպություն է: Նա իր իշխանությունը պահպանում է մենաշնորհների, բռնության, մարդու իրավունքների համատարած ու կոպիտ խախտումների եւ ընտրությունների համակարգված կեղծման միջոցով: Մեր երկրում կոռուպցիան չի չափվում աստիճաններով կամ տոկոսներով, այն պարզապես պետության կառավարման նպատակ եւ մեթոդ է միաժամանակ: Հայաստանի բնակչության գրեթե կեսը աղքատ է, իսկ տասը տոկոսից ավելին՝ ծայրահեղ աղքատ: Աշխարհի ոչ մի երկրում հայն այնքան անիրավված չէ, որքան իր հայրենիքում:
Հանցավոր վարչախումբը 2008 թ. մարտի 1-ին անցավ բոլոր սահմանները եւ կրակեց մեր ժողովրդի վրա: Զոհվեցին տասը քաղաքացիներ, ավելի քան հիսունը ստացան ծանր վնասվածքներ եւ ավելի քան հարյուրը բանտարկվեցին:
Այդ օրվանից մինչ օրս Հայաստանը եւ հայությունը մնացել են Մարտի 1-ի գիշերվա խավարի մեջ: Ոչ միայն չեն պատժվել այս ոճրագործության կազմակերպիչներն ու կատարողները, այլեւ դրա արյունոտ արդյունքներն օգտագործվում են վերջնականորեն բռնապետություն հաստատելու համար:
Այդ օրվանից հետո չի եղել մի տարի, որ Հայաստանն ապրեր առանց քաղբանտարկյալների: Նշված նպատակին էր ծառայում նաեւ նոր սահմանադրության ընդունումը, որի համար 2015 թ. դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի արդյունքները համակարգված կերպով կեղծվեցին, իսկ կեղծիքի դեմ դուրս եկած քաղաքացիների բողոքը զսպվեց ոստիկանական բազմահազարանոց ուժի կիրառման սպառնալիքով: Դրա հետեւանքով ոտնահարվեց համայն հայության կամքը եւ խախտվեց նրա ինքնորոշման իրավունքը, ինչպես նաեւ ի դեմս Գեւորգ Սաֆարյանի՝ մեր երկիրն ունեցավ եւս մեկ քաղբանտարկյալ:
Անգնահատելի է Սփյուռքի դերը աղետի մեջ հայտնված Հայրենիքի փրկության հարցում: Այդ պատճառով արտերկրում ապրող մեր քույրերն ու եղբայրները պետք է վերանայեն իրենց կարծրացած տեսակետները Հայաստանի կառավարության, ավանդական քաղաքական ուժերի ու նրանց գործունեության մեթոդների վերաբերյալ եւ համախմբվեն իրապես հայկական պետություն կառուցելու գաղափարի շուրջ:
«Հայկական վերածնունդ» համասփյուռքյան շարժումը համոզված է, որ Հայաստանի եւ հայության համար Մարտի 2-ի լուսաբացն այլընտրանք չունի, ուստի դատապարտում է հանցավոր վարչախմբի պետականակործան ու հայրենադավ գործունեությունը, նրանից պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ իր զորակցությունն է հայտնում հանուն ազատ ու արժանապատիվ հայրենիք ունենալու, հանուն մեր երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պայքարող մեր հայրենակիցներին՝ ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի:





























