«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման արտադրած վառելիքը ծովային ճանապարհով հասնում է Բուլղարիա եւ վաճառվում տեղի լցակայաններում։ Այս մասին հայտնում է տեղական «Տրուդ» թերթը՝ վկայակոչելով մաքսային ծառայություններում իր աղբյուրները։
Ենթադրյալ մաքսանենգության մասին տեղեկությունները Բուլղարիան ստացել է ԱՄՆ եւ ՌԴ հատուկ ծառայություններից, որոնք Սոֆիային արբանյակային համապատասխան լուսանկարներ են փոխանցել։ Դրանց շնորհիվ երկրի իշխանությունները կարողացել են բացահայտել դիզելային վառելիքի եւ բենզինի անօրինական մատակարարումների սխեման։ Վառելիքը ներկրվում է բուլղարական Վառնա եւ Բուրգաս նավահանգիստներ, պարզաբանում է թերթը։
Փաստաթղթերի համաձայն՝ վառելիքը ԵՄ ներսում իրականացվող մատակարարումների մի մասն է եւ Բուլղարիա է հասնում Հունաստանում գտնվող պահեստից։ Թերթի տեղեկություններով վառելիքով տանկերները դադար են առնում թուրքական 7 նավահանգիստներում՝ Սեւ եւ Միջերկրական ծովերում, որից հետո մեկնում են Հունաստան եւ Բուլղարիա։ Հենց այդ դադարների ժամանակ էլ տանկերները բեռնում են ԻՊ վառելիքով։
Այս կապակցությամբ երկրի անվտանգության ուժերը զանգվածային ստուգումներ են իրականացնում մայրաքաղաք եւ 15 մարզերի ավտոլցակայաններում։ Իրավապահները հաստատել են, որ հսկողություն են իրականացնում ավելի քան 50 օբյեկտների նկատմամբ, սակայն ԻՊ արտադրած վառելիքի հնարավոր մատակարարումների մասին տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։





























