Մարտի 1-ի դեպքերից հետո Հայաստանի քաղաքական դաշտում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, ՀՀԿ-ն ավելի ինքնավստահ է դարձել: Այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքապետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այսօր նաեւ ընդդիմադիր ուժեր են ներկայացված Ազգային ժողովում, թեեւ նրանց ձայնը որոշիչ չէ: ՀՀԿ-ականներն էլ իրենց ձեռքում են վերցրել ողջ քաղաքական դաշտը. ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում «Հանրապետականներն» են ներկայացված: Այս կուսակցությունն իրեն բավականին վստահ է զգում, քանի որ ոչ ոք իրեն չի ընդդիմանում»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ այս 8 տարիներին հայ հասարակությունն ավելի է կաթվածահար եղել, սոցիալական խնդիրներն են ավելացել:

«Հասարակությունն իրեն անջատ է զգում քաղաքականությունից»,- նշեց Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել: