Պղնձի գինը նվազում է Չինաստանի արդյունաբերական ոլորտում գործնական ակտիվության վիճտվյալների հրապարակման ֆոնին, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսները էժանացել են 1.41 տոկոսով՝ հասնելով ֆունտի ( մոտավորապես 0.45 կգ) դիմաց 2.10 դոլարի: Երկուշաբթվա սակարկությունների արդյունքներով՝  մատակարարումներով հանդերձ մեկ տոննա պղնձի արժեքը Լոնդոնյան մետաղների բորսայում (LME) նվազել է 0.23 տոկոսով՝ հասնելով տոննայի դիմաց 4695 դոլարի: Ալյումինիումի տոննան թանկացել է 0.83 տոկոսով՝ հասնելով 1573 դոլարի, ցինկինը՝ 0.34 տոկոսով՝ հասնելով 1764 դոլարի, հայտնում է Lifenews–ը:

Ըստ ՉԺՀ պետական վիճվարչության երեքշաբթի հրապարակված տվյալների՝ Չինաստանի տնտեսության արդյունաբերական ոլորտում գործնական ակտիվության գործակիցը փետրվարին նվազել 0.4 կետով՝ կազմելով 49 կետ, ինչը վերլուծաբանների ակնկալիքներից էլ վատ ցուցանիշ է, քանի որ նրանք կանխատեսում էին 49.3 կետ:

Իսկ Caixin բիզնես պարբերականի անկախ հետազոտության զեկույցի համաձայն՝ այդ գործակիցն առհասարակ 48 կետ է կազմել, դառնալով ամենացածր ցուցանիշը վերջին հինգ ամսում: Պարբերականի տվյալներով, արտադրողները շարունակել են կրճատել աշխատակիցների քանակը, փորձելով վերահսկել ծախսերը: Ընդ որում արդյունաբերական ոլորտում նոր պատվերների ծավալը շարունակել է նվազել:

Այս ցածր ցուցանիշները սրել են խոշորագույն սպառողի՝ Չինաստանի կողմից մետաղի պահանջարկի վերաբերյալ ներդրողների մտավախությունները, ինչն էլ հենց պղնձի գնի նվազման պատճառ է դարձել: Այդուհանդերձ մի շարք վերլուծաբաններ լավատեսաբար են տրամադրված: