Ոսկու գները մարտի 1-ի առավոտյան դրական դինամիկա են գրանցել Չինաստանի տնտեսական աճի հեռանկարների հետ կապված մտահոգությունների ֆոնին։ Այս մասին են վկայում բորսայի տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան մատակարարումները 11,9 դոլարով թանկացել են եւ կազմել 1246,3 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան մատակարարումները թանկացել են 0.35 տոկոսով եւ կազմել 14.97 դոլար մեկ ունցիայի դիմաց։

Ըստ Չինաստանի պետական վիճվարչության երեքշաբթի հրապարակված տվյալների՝ Չինաստանի տնտեսության արդյունաբերական ոլորտում գործնական ակտիվության գործակիցը փետրվարին նվազել 0.4 կետով՝ կազմելով 49 կետ, ինչը վերլուծաբանների ակնկալիքներից էլ վատ ցուցանիշ է, քանի որ նրանք կանխատեսում էին 49.3 կետ:

Իսկ Caixin բիզնես պարբերականի անկախ հետազոտության զեկույցի համաձայն՝ այդ գործակիցն առհասարակ 48 կետ է կազմել, դառնալով ամենացածր ցուցանիշը վերջին հինգ ամսում: Պարբերականի տվյալներով, արտադրողները շարունակել են կրճատել աշխատակիցների քանակը, փորձելով վերահսկել ծախսերը: Ընդ որում արդյունաբերական ոլորտում նոր պատվերների ծավալը շարունակել է նվազել:

Այս ցածր ցուցանիշները սրել են խոշորագույն սպառողի՝ Չինաստանի կողմից մետաղի պահանջարկի վերաբերյալ ներդրողների մտավախությունները, ինչն էլ հենց պղնձի գնի նվազման պատճառ է դարձել: Այդուհանդերձ մի շարք վերլուծաբաններ լավատեսաբար են տրամադրված: