Լոս Անջելեսում, փետրվարի 27-28-ին, ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի աջակցությամբ Հայաստանը եւ Արցախը առանձին տաղավարով ներկայացվել են ԱՄՆ արեւմտյան ափի խոշորագույն զբոսաշրջային ամենամյա միջոցառմանը` LA Travel and Adventure Show-ին, որն այս տարի տեղի է ունեցել Քալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում:
Ի թիվս զբոսաշրջային ցուցահանդեսի հարյուրավոր մասնակիցների` այցելուներին է ներկայացվել Հայաստանի եւ Արցախի զբոսաշրջային առանձնահատկությունները, ներառյալ` վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող էկոտուրիզմը:
Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Վաշինգտոնում ԼՂ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաեւ Հայաստանից ժամանած Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի պատվիրակությունը:
Հայկական տաղավարը ցուցահանդեսի հազարավոր այցելուներին ներկայացվում էր Լոս Անջելեսի հայկական տուրիստական ընկերությունների կողմից, որոնք նաեւ առաջարկում էին Հայաստան եւ Արցախ ճամփորդելու փաթեթներ:
LA Travel and Adventure Show-ի կազմակերպիչ մարմնի ղեկավար Ջոն Գոլիչը ՀՀ գլխավոր հյուպատոսությանը հանձնեց լավագույն տաղավարի հավաստագիր՝ ցուցահանդեսի ամենագեղեցիկ եւ մարդաշատ տաղավարն ունենալու համար:




























