«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Մարտի 1-ի դեպքերից հետո սպանվածների հարազատների առջեւ իրեն մեղավոր է զգում:
«Ես ինձ այս խնդրում մեղավոր եմ զգում ոչ նրա համար, որ ողջ եմ մնացել, այլ նրա համար, որ իմ մայրն ու երեխաները վայելում են իմ ներկայությունը, իսկ նրանցը՝ ոչ: Ես այսօր գարնան առաջին օրը մի փունջ ծաղիկ եմ տանելու մորս, իսկ նրանք չեն տանելու: Այդ տղաները զոհվեցին հանուն ազատ ու անկախ Հայաստանի այն բանսարկուների ձեռքով, որ իրականացրին այս սպանդը»,- ասաց Արամ Սարգսյանը:
Արամ Սարգսյանի խոսքով՝ հանրության համար այս գործը բացահայտված է:
Նշենք, որ կեսօրից Մյասնիկյանի արձանի մոտ քաղաքական գործիչները եւ քաղաքացիներ ծաղիկներ են դնում՝ հարգելով Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Մյասնիկյանի արձանի մոտ են արցելել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը, Անուշ Սեդրակյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:





























