Ամերիկացի մի քանի խոշոր արտադրողներ շուկաներում հումքի ավելցուկի եւ ցածր գների պատճառով երկար տարիների ընթացքում առաջին անգամ սկսում են կրճատել նավթի եւ գազի արդյունահանումը, տեղեկացնում է The Wall Street Journal-ը:

Ընկերությունները սկսեցին հայտնել արտադրության կրճատման մասին, երբ հրապարակեցին շահույթի կրճատման մասին վկայող իրենց հաշվետվությունները:  Այսպես, նավթագազային   Devon Energy եւ Marathon Oil Corp. ընկերությունները խոսում են 2016-ին արդյունահանման 10 տոկոսով կրճատման մասին 2015-ի համեմատ:   EOG Resources Inc.-ն ընթացիկ տարում նախատեսել է  5 տոկոսով պակաս արդյունահանել, քան նախորդ տարում: 

Continental Petroleum Corp. ընկերությունը նախատեսել է մի քանի նոր հորատանցք փորել, բայց դրանց մեծամասնությունից այս տարվա ընթացքում նավթ չի արդյունահանի:  «Մենք չենք ուզում առկա միջավայրին որեւէ բան ավելացնել, մինչեւ չտեսնենք, որ վերականգնում է տեղի ունեցել», — ընկերության հայտարարությունն է մեջբերում պարբերականը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Պարբերականը նշում է, որ կրճատման նախագծերը կտրուկ հակադրության մեջ են անցյալ տարվա իրավիճակի հետ, երբ արտադրողները շարունակում էին նավթ արդյունահանել, նույնիսկ երբ գներն իջել էին մինչեւ մեկ բարելի դիմաց  30 դոլար:   The Wall Street Journal-ը հավելում է, որ շատ ընկերություններ ստիպված էին արտադրությունը բարձր մակարդակում պահել պարտքերը եւ վարձակալական պարտավորությունները մարելու համար: