Հյուսիսային Կալիֆորնիայում շերիֆի երկու տեղակալ եւ նրանց նախկին գործընկերը մեղադրվել են բանտարկյալների միջեւ բանտային մարտեր կազմակերպելու համար: Բանտարկյալներից մեկը հորը պատմել է մարտերի մասին, իսկ հայրը, իր հերթին, այդ մասին հայտնել է դատախազությանը, որը հետաքննություն է սկսել, տեղեկացնում է  Americaru-ն: 

Սան Ֆրանցիսկոյի շերիֆի նախկին տեղակալ Սքոթ Նոյը ութ կետով մեղադրվել է քրեական հանցագործությունների եւ ինը կետով`  զանցանքների, այդ թվում նաեւ` ոստիկանի կողմից հարձակման եւ քրեական սպառնալիքների համար: 45-ամյա Յուջին Ջոնսին մեղադրանքներ են ներկայացվել երկու կետով` քրեական հանցագործություն կատարելու եւ երեք կետով` թեթեւ զանցանքի համար: Քլիֆորդ Չիբան մեղադրվում է երեք կետով ` բանտարկյալին դաժանորեն եւ անսովոր եղանակով պատժելու համար:    

42-ամյա Նոյը ենթադրյալ պարագլուխն է եւ մեղադրվում է մարտերի մասնակցելուց հրաժարված երկու բանտարկյալի ծեծելու համար: Հաջորդ օրը նրանք ստիպված են եղել դուրս գալ ռինգ: Նահանգի դատարան ներկայացված մեղադրանքի համաձայն, Ջոնսն օգնել է կազմակերպել երկրորդ մարտը: