Նիգերիական երկու ցեղ դատի է տվել անգլո-հոլանդական նավթագազային հսկա  Royal Dutch Shell-ին` այն վնասի պատճառով, որ ընկերությունը հասցրել է շրջակա միջավայրին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  BBC-ին:

Բիլլե եւ Օգալե ցեղերը բողոքել են նրանից, որ գյուղատնտեսական հողերը եւ ձկնորսական վայրերը տուժել են Նիգեր գետի դելտայում նավթի բազմակի հեղեղներից: Նիգերի բնակիչները նաեւ բողոքում են, որ նավթի հեղեղների հետեւանքով ավելի քան  25 տարի է` խմելու մաքուր ջուրն անհասանելի է իրենց: 

Երկու ցեղն էլ փորձում են ընկերությունից փոխհատուցում ստանալ, ինչպես նաեւ պահանջում են, որ  Shell-ը մաքրի իրենց հողերը: Չորեքշաբթի տեղի կունենա գործի առաջին լսումը: Դրա ելքից է կախված, թե արդյոք հայցը կշարունակի քննվել:   Վերջին հինգ տարվա ընթացքում սա նիգերիական ցեղերի երկրորդ հայցն  Shell-ի դեմ: Բի-Բի-Սի-ն նշում է, որ Օգալե ցեղի կազմում  40 հազար մարդ կա, նրանք հիմնականում ֆերմերներ եւ ձկնորսներ են: 

2015-ի նոյեմբերին Amnesty International-ը զեկույց էր թողարկել, որի համաձայն,    Shell-ը չի վերացրել նավթի չորս հեղեղների հետեւանքները, չնայած խոստացել է անել դա: 

Shell-ն իր հերթին պարզաբանում է, որ նավթի հեղեղները կապված են այն գողանալու փորձերի հետ: Վերջին տարիներին ընկերությունը Նիգերիայում բազմաթիվ դժվարությունների է բախվել: Խողովակաշարային համակարգից հումքի անօրինական պոմպումը   նավթի էական կորուստների եւ խողովակաշարերի վնասման պատճառ է դարձել: Միջազգային հարաբերությունների Բրիտանական թագավորական Chatham House ինստիտուտի տվյալներով, նավթի անօրինական պոմպման հետեւանքով Նիգերիան ներկայումս տարեկան 3-8 մլրդ դոլար է կորցնում:

Անցյալ տարի Shell-ն արդեն համաձայնել էր 2008-ին  նավթի հեղեղներից տուժած Նիգերի դելտայի  բնակիչներին 8 մլն դոլար վճարել: