77 մարդու սպանած Անդերս Բրեյվիկին մյուս բանտարկյալներից մեկուսացնելը նրա իրավունքների խախտում չէ: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել են Նորվեգիայի իշխանությունները:
«Ապացույցներ չկան այն մասին, որ հայցվորը որեւէ հոգեկան կամ ֆիզիկական խնդիր ունի մեկուսացման պայմանների պատճառով»,- նշված է Նորվեգիայի գլխավոր դատախազության կողմից Օսլոյի դատարան ուղարկված փաստաթղթում: Նշվում է, որ նրան հասանելի են առօրյա կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ունեցող բանտային երեք տարածքներ: Նա կարող է սովորել, ֆիզիկական վարժություններ կատարել, իր համար ճաշ պատրաստել, զբոսնել բակում եւ այլն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, մենախցում պահվող Անդերս Բրեյվիկն ավելի վաղ հայց էր ներկայացրել՝ բողոքելով ծայրահեղ մեկուսացման դեմ եւ պահանջելով սահմանափակել իր նամակների գրաքննությունը: Դատաքննությունը նշանակված է մարտի 15-18-ը:
Բրեյվիկի պաշտպանը հայտարարել է, որ իր հաճախորդին թույլատրված է շփվել միայն բանտի անձնակազմի եւ փաստաբանի հետ: Մինչեւ 2013 թվականին Բրեյվիկի մոր մահը նրան թույլատրել են կարճատեւ ընտանեկան հանդիպումներ ունենալ:
2011 թվականի հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը Օսլոյի կառավարական թաղամասում պայթյուն էր կազմակերպել, որի հետեւանքով 8 մարդ էր զոհվել, ինչպես նաեւ հրաձգություն Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարում՝ Ուտոյա կղզում, որի արդյունքում էլ 69 մարդ էր զոհվել: Ահաբեկչին 21 տարվա ազատազրկման են դատապարտել, սակայն բանտարկության ժամկետը կարող է անորոշ ժամանակով երկարաձգվել:





























