Բաքվում կայացել է Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խմբի երկրորդ հանդիպումը, որի ամփոփ հռչակագրերը հիմնականում լավ ֆիլտրվել են ադրբեջանական մամուլի կողմից, գրում է իտալական Osservatore Balcani e Caucaso պարբերականը։
Իտալիայի կառավարությունից ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել, այդուհանդերձ Բաքուն հայտարարում է, որ ամփոփիչ հռչակագիրը կստորագրեն խմբի մասնակից երկրների կառավարությունների ներկայացուցիչները՝ էներգետիկական միության հարցերի եվրահանձնակատար Մարոշ Շեւչովիչի գլխավորությամբ, որը ներկա է եղել հանդիպմանը:
Երկու ֆինանսական կազմակերպությունները, որոնք պետք է օգնեին նախագծի մեկնարկին (Եվրոպական ներդրումային բանկ (EIB) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ (EBRD), Բաքու են ուղարկել միայն տեղի մասնաճյուղերի (Բաքվում եւ Ստամբուլում) ղեկավարներին:
Միաժամանակ, չնայած Ադրբեջանի կառավարության վստահեցումներին, թե շուտով միջազգային ֆինանսավորում կլինի, նշված 2 բանկերից ոչ մեկը դեռ պաշտոնապես չի հաստատել դա: Միայն EIB-ն է մտածում տրանս-անատոլիական գազատարի համար 2 մլրդ եվրո վարկ տրամադրելու մասին, չնայած այդ մտադրությունը տարաձայնություններ է առաջացրել բանկի բաժնետերերի մոտ, թե արդյոք նախագծի մասնակիցները կկարողանան վերադարձնել վարկը:
Իսկ իտալական թերթերում հրապարակումներ են հայտնվում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցների անդաստիարակ վարքի մասին, որոնք փորձում են խոչընդոտել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջոցառման անցկացմանը: Միջոցառումը նախորդ ուրբաթ Հռոմում կազմակերպել էր Amnesty International միջազգային կազմակերպությունը:
Պարբերականը նկատում է, որ եվրոպական էներգետիկ տարանցման հարցում Ադրբեջանը մնում է վատագույն գործընկերը:





























