Պերուում հորդառատ անձրեւների հետեւանքով սկսված սողանքների ու ջրհեղեղի պատճառով առնվազն հինգ մարդ է զոհվել: Ինչպես չորեքշաբթի հայտնել են տեղական իշխանությունները՝ հինգ հազար մարդ ստիպված է եղել լքել իր տները:
Պաշտոնական տվյալներով, չորս մարդ զոհվել է հանքահորում, որի մուտքը փակվել էր քարերով ու հողով: Եվս մեկ մարդ էլ խեղդվել է վարարած գետում: Ընդհանուր առմամբ անցած տարվա նոյեմբերից հորդառատ անձրեւների հետեւանքով 11 մարդ է զոհվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ջրհեղեղի պատճառով Պերուում խախտվել է ավտոմոբիլային հաղորդակցությունը: Ինչպես հայտնում են իշխանությունները, անձրեւները հեղեղել են մոտավորապես 200 կմ ճանապարհ: Օդերեւութաբանների կանխատեսումներով, մինչեւ շաբաթվա վերջ իրավիճակը կարող է վատանալ:
Տեղի օդերեւութաբանները ջրհեղեղը կապակցում են Էլ Նինյո կլիմայական երեւույթի հետ: Այս երեւույթն իրենից ներկայացնում է տաք հոսանք, որի հետեւանքով ջերմաստիճանի բարձրանում է Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում: Երեւույթը ազդեցություն է թողնում քամու ուղղության վրա, նաեւ հորդառատ անձրեւներ առաջացնում Հարավային Ամերիկայի որոշ տարածքներում:



























